Ոստիկանության պաշտոնատար անձիք մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք ստեղծելու պատրվակով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Այսպես, Սարգիս Գրիգորյանն ու օպերլիազոր Արմեն Իսրայելյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով դիմել են Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Դավթյանին` վերջինիս խնդրելով թմրամիջոցի որոշակի զանգված ձեռք բերել, ապա` ոստիկանությունում հայտնել, թե թմրամիջոցը նրան իրացրել է Վանաձոր քաղաքի բնակիչ, թմրամոլ, հետագայում մահացած Ա. Ղ.-ն:

Ըստ այդմ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանն անձամբ` քաղելու եղանակով ձեռք է բերել «կանեփ» տեսակի բույսի զանգված, որից հետո ոստիկանները, իբր, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Այնտեղ` Ս. Գրիգորյանի աշխատասենյակում, նույն բաժնի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը Դ. Դավթյանի ձեռք բերած թմրամիջոցից առանձնացրել է 0,27 գրամը և տվել վերջինիս: Այնուհետև Դ. Դավթյանն ընթերակաների մասնակցությամբ ձևականորեն ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում էլ «հայտնաբերվել» է թմրամիջոցը: Դ. Դավթյանը վերը նշված ոստիկանների պահանջով հայտարարել է, որ թմրամիջոցը, իբր, 2017 թվականի հունիսին իրեն իրացրել է արդեն հանգուցյալ Ա. Ղ.-ն:

Հետագայում ոստիկանության նույն բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել Ա. Ղ.-ի կողմից թմրամիջոց իրացնելու ծանր հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին` վերջինիս մահվան հիմքով, իսկ Դ. Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նկատի ունենալով, որ նրա մոտ հայտնաբերված թմրամիջոցի քաշը չէր հասել քրեորեն պատժելի չափի: Այսինքն` ոստիկանները նշված գործողություններով արձանագրել են, որ իրենք «բացահայտել» են ծանր հանցագործության դեպք, սակայն այն կատարած անձին քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկել վերջինիս մահվան հիմքով:

Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ Դ. Դավթյանն ընդհանրապես ծանոթ չի եղել հանգուցյալ Ա. Ղ.-ին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանին և նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ 

նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով

դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել