Կաշառք տալու փորձի դրդչության համար մեղադրվող փաստաբանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 15-ին, տեղի ունեցավ խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանի և կաշառք տալու  գործով դատական նիստը:

Գործը քննվում է դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:

Սակայն դատական նիստը հետաձգվել է մեղադրող դատախազի հարգելի բացակայության պատճառով:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե արդյո՞ք հիմքեր կան Վաղինակ Աթոյանին արդարացնելու համար,  նրա պաշտպան Արամ Ղազարյանը նշեց, որ  քանի դեռ դատաքննության փուլը սկսված չէ, ոչինչ չի ասել իր պաշտպանյալի արդարացվելու մասին: Նա նշեց նաև, որ երբ սկսեն դատական նիստերը, նա կհայտնի, թե որքանով է հիմնավոր իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը։

Սա արդեն 3-րդ դեպքն է, երբ գործով դատական նիստը հետաձգվում է․ «Դատերի հետաձգման հետ կապված որևէ միտում չեմ տեսնում»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Վաղինակ  Աթոյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար:

Վաղինակ Աթոյանի պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանը նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանել է և նշանակել է ավելի մեղմ պատիժ` 2 տարի ժամկետով ազատազրկում:

Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` դատարանի հիշյալ որոշմամբ կատարված դրական փոփոխություններն իրեն վերագրելու և դատական ակտը կայացրած դատավորների կողմից իբր կաշառք ստանալու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին մտացածին իրադարձությունների միջոցով անձի վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ  Վ.Աթոյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում տեսակցել է Մ. Մանուկյանին:

Վաղինակ Աթոյանը ինչպես նրան, այնպես էլ հետագայում նրա քրոջը` Սե. Մանուկյանին, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով հավաստիացրել է, թե իբր դատավորները Մ.Մանուկյանի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց, ապա` համոզելու եղանակով դրդել է տալ կաշառքի առարկա հանդիսացող 470.000 ՀՀ դրամը, ինչի կապակցությամբ Մ. և Ս. Մանուկյանները տվել են իրենց համաձայնությունը:

Այս քայլով Վաղինակ Աթոյանը դրդել է նաև իր պաշտպանյաին և նրա քրոջը  կատարել հանցանք` տալ խոշոր չափերով կաշառք:
Այնուհետև` Վ.Աթոյանը «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքում Սեդա Մանուկյանից անձամբ ստացել է հիշյալ 470.000 ՀՀ դրամը:

Մ. Մանուկյանին և նրա քրոջը՝ Ս. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով եղբոր` Մանուկ Մանուկյանի հետ, փորձել է խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց` եղբոր օգտին որոշակի գործողություններ կատարելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լիլիթ Խանոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել