Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է տեղադրել, որով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարել:
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվել է, որ պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում պարտապանի կողմից իրականացվող հայտարարագրման գործընթացը՝ բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ:
Փաստորեն, ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ հարկադիր կատարման ծառայության կողմից պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դրված լինելու հանգամանքը գործնականում հիմք է հանդիսանում հետագա մաքսային ձևակերպումները կասեցնելու համար, ինչի հետևանքով անձը կարող է կրել վնասներ: Այնինչ, արգելանքի առկայությունը, ինքնին, չպետք է խոչընդոտ հանդիսանա մաքսային հայտարարագրման գործընթացն իրականացնելու համար:
Վերոշարադրյալը վկայում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:
Նախպարարությունը նշում է, որ նախագծի ընդունման արդյունքում կվերանան անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման՝ գործնականում առաջացող խոչընդոտները:
Եվգենյա Համբարձումյան