Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր նախագիծ է ներկայացվել կառավարություն, որով անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական կվճարվի դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`
Բնակավայրի անվանումը | Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը | |
մինչև 4 անդամ | 4 և ավելի անդամ | |
Երևան քաղաքում | 1500 (դրամ) | 2250 (դրամ) |
Այլ քաղաքներում | 800 (դրամ) | 1200 (դրամ) |
Այլ բնակավայրերում | 500 (դրամ) | 750 (դրամ) |
Դատախազը փոխհատուցում ստանալու համար զեկուցագիր կներկայացնի գլխավոր դատախազին: Զեկուցագրին կցվում է բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը:
Հիմնավորման մեջ նշված է, որ նախագծով առաջարկվող կարգավորումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելուն:
Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող կարգավորումը գործում է նաև ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար: Այսպես «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի վերջին նախադասությամբ սահմանվում է, որ քննչական կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: Այս լիազորող նորմի հիման վրա 2014 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության թիվ 1395-Ն որոշումը:
Կառավարությունը հաստատեց որոշումը և այն ուժի մեջ է մտնում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:
Եվգենյա Համբարձումյան