ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում եւ սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:
Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակով ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, եւ թե մսի տեղափոխման պայմանները:
Ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում եւ ուղարկել անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը:
Փորձաքննության վերցված նմուշներում, լաբորատոր հետազոտությամբ, սուր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Տեսուչների հայտնաբերած 125 կգ կասկածելի թարմությամբ միսը, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, ուղարկվել է գազանանոց: Օրեր առաջ, անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունը կանխել էր առանց ուղեկցող փաստաթղթերի մսի իրացման փորձը:
Թեեւ սահմանված ժամանակացույցով մսի տեղափոխումը սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով դեռեւս պարտադիր պայման չէ, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ծանուցումների ու խորհրդատվության միջոցով, տնտեսավարողներին հորդորում է օր առաջ միսը տեղափոխել սանիտարահիգիենիկ եւ սահմանված այլ նորմերին համապատասխան:
Հիշեցնենք՝ կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը՝ այդ ժամկետին համահունչ:
Շրջայցեր կլինեն նաեւ մսի վաճառքի այլ շուկաներում: