Վերջին 6 տարիների ընթացքում տեղի ունեցած թվով 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները. նոր նախագիծ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նոր նախագիծ է ներկայացվել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախագիծը ներկայացրել է  արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ որի՝ տվյալ ոլորտում իրականացված վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին վեց տարիների ընթացքում տեղի ունեցած թվով 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները, գազաբալոնների կամ ոչ պատշաճ որակավորում ունեցող մասնագետների կողմից տեղադրված լինելու փաստը, ինչպես նաև գազաբալոնների՝ սահամված չափաբաժնից ավել լիցքավորելը, որի արդյունքը եղել է մարդու կյանքին կամ առողջությանը պատճառված  էական վնասը:

Նախագծի հեղինակը նշել է, որ ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովմանը ուղղված օրենսդրական համալիր լուծումներ:

Այդ լուծումներով առաջարկվում է պատասխանատվության նախատեսում չճնշափորձարկված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար թե՛ ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների համար, թե՛ ֆիզիկական անձանց կողմից շահագործվող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների համար և թե՛ ԱԳԼՃԿ-ների համար, եթե լցավորումը կիրականացվի չճնշափորձարկված գազբալոններում:

Սույն նախագծերով առաջարկվում է գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով, կառավարությանը օրենքով տալ լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը:

Սահմանված պահանջները խախատողները կենթարկվեն վարչական պատասխանատվության, ընդ որում՝ չճնշափորձարկված գազաբալոններով ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար առաջարկվում է պատասխանատվություն կիրառել օրենքն ուժի մեջ մտնելու պահից, որը նախատեսված է հրապարակումից 12 ամիս հետո, իսկ ոչ ուղևորափոխադրումներ իրականացնող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների համար հրապարակվելուց հետո 36 ամիս հետո:

Առաջարկվում է նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ տվյալների էլեկտրոնային հսկողության շտեմարանի միջոցով ստուգել գազաբալոնների պարբերական վկայագրված լինելու հանգամանքը և դրա բացակայության դեպքում պահանջել պարբերական վկայագրում անցած լինելու վերաբերյալ հավաստում:

Նախարարության կարծիքով՝ նախագիծը կկարգավորի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացները:

Այսպիսով, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման սահմանված կարգը խախտվի, ապա կազմակերպության պաշտոնատար անձանի նկատմամբ տուգանք կնշանակվի՝ 200 հազար դրամի չափով:

Գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ գազաբալոնների պարբերական վկայագրման ժամկետի նշում կատարելը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները հսկման էլեկտրոնային համակարգ մուտքագրելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում` գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ 500 հազար դրամի չափով:

Մեկ տարվա ընթացքում կրկին անգամ սույն մասով նախատեսված իրավախախտում կատարելը այն անձի կողմից, որը նշված խախտման համար արդեն ենթարկվել է վարչական տույժի` կառաջացնի տուգանքի նշանակում` գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ 1 միլիոն դրամի չափով:

Գազալցակայանում առանց գազաբալոնների վկայագրման կամ առանց գազաբալոնների վկայագրման հաջորդ ժամկետի նշման կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման գազաբալոնների լցավորումը, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ 1 միլիոն դրամի չափով: Իսկ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ այս նույն իրավախախտումը կատարել կառաջացնի տուգանք՝ գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ 3 միլիոն դրամի չափով:

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ ճնշման արժեքի գերազանցումը կանխող սարքավորման բացակայությամբ կամ դրա անսարքությամբ լցավորելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում 1 միլիոն դրամի չափով:

Մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նույն իրավախախտումը կատարելը կառաջացնի տուգանքի նշանակում` գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ 3 միլիոն դրամի չափով:

Ուղևորափոխադրումներում ներգրավված սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներն առանց գազաբալոնների հավաստման նշանի կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման կամ վկայագրման հաջորդ ժամկետի նշման շահագործելը նույնպես կառաջացնի տուգանքի նշանակում ուղևորափոխադրող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ 100 հազար դրամի չափով:

Իսկ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներն առանց գազաբալոնների հավաստման նշանի կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման կամ վկայագրման հաջորդ ժամկետի նշման շահագործելը, բացառությամբ ուղևորափոխադրումներում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների և այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 10 հազար դրամի չափով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել