Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման դրվեց նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի նախագիծը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել այս օրենքի նախագծում. «Ամնենակարևոր փոփոխություններից մեկը այն է, որ մենք այլևս թղթային հրապարակում չենք ունենալու: Բոլոր նորմատիվ իրավական ակտերը հրապարակվելու են միասնական էլեկտրոնային կայքով: Նախատեսված է, որ բոլոր ակտերը ենթական են հանրային քննարկման»,-նշեց նա:
Նշենք, որ այս հարցի վերաբերյալ նախորդ քննարկումը հետաձգվել էր, որպեսզի արդարադատության նախարարությունը լրամշակեր այս օրենքի նախագիծը:
«Այսօր առավոտյան փոփոխություններ են կատարվել, չնայած, որ նախագիծը դրվել է հուվարի 30-ին: Խնդրում եմ, որ այսուհետ վաղօրոք տեղեկանանք այդ փոփոխությունների մասին: »,-նկատեց Արփինե Հովհաննիսյանը, որի դիտարկմանը միացան նաև հանձանժողովի այլ անդամները:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս նախագծի հեղինակին փոփոխություններ կատարել նախագծում, ուղղակի դա պետք է կատարվեր առաջարկների տեսքով, սակայն հանձնաժողովի աշխատանքը հեշտացնելու համար փոփոխությունները այսպես են կատարվել:
Օրենքի նախագիծը ընդգրկվեց Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի օրակարգ:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Եվգենյա Համբարձումյան