Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`
- մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.
- չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.
- առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.
- մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.
- չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.
- տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.
- տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
- դաժանաբար են վարվում երեխայի հետ, մասնավորապես`
- պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,
- պարբերաբար հոգեբանական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը:
Ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:
1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ամրագրված դեպքերը ծնողական իրավունքներից զրկելու հիմք չեն, եթե ծնողը գտնվում է բժշկական հաստատությունում, կարգապահական գումարտակում, ուղղիչ հիմնարկում, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում, մասնակցում է վարժական հավաքներին կամ գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում, գերության մեջ, մեկնել է օտարերկրյա գործուղման, եթե ծնողական իրավունքներից զրկելը չի բխում Երեխայի լավագույն շահերից։ Դատարանը, որպես հարգելի պատճառ, կարող է դիտարկել նաև այլ իրավիճակներ:
Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել`
ա. ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը),
բ. խնամակալության և հոգաբարձության մարմինը,
գ. այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ,
«բ» և «գ» ենթակետերով նախատեսված մարմինները և կազմակերպությունները սույն օրենսգրքով սահմանված ծնողական իրավունքներից զրկելու հիմքերի առկայության դեպքում պարտավոր են ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից մեկ ամիս հետո:
Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննելիս հաշվի է առնվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրամադրված՝ երեխայի և ծնողի սոցիալական կարիքների գնահատման մասին եզրակացությունը (դիրքորոշումը):
Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա այդ մասին պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին:
Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին։
Վերը նշված փոփոխությունները ուժի մեջ են մտել 2018թ. հունվարի 18-ից:
Իրազեկման աղբյուրը՝
- ՀՀ Ընտանեկան Օրենսգիրք (հոդվածներ 59-րդ և 60-րդ)
- «ՀՀ Ընտանեկան Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենք 11-րդ և 12-րդ հոդվածներ (ընդունված 21.12.2017թ.):