Փետրվարի 18-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1973 թ. ծնված Մանաս Վ.-ն:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 19.30-ին, Մանաս Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 196 հասցեի մոտ իր ծանոթ ոմն Ռուդիկ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր աջ ազդրին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուդիկը 1972 թ. ծնված Հովհաննես Ա.-ն է, որը ժամը 20.00-ին Բաշինջաղյան փողոցի թիվ 191 շենքի մոտից, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել բաժին:
Ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: