Նոր օրինագիծ՝ բոլոր ձկնաբույծների համար հավասար պայմաններ ստեղծելուն ուղղված

Գյուղատնտեսության նախարարությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով փոփոխություններ են առաջարկվում հողային օրենսգրքում։  Նշվում է, որ Ձկնաբուծական արհեստական լճակներով (ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում նշված մյուս տնտե­սությունների կառույցներով) զբաղեցված հողատարածքների նպատակային նշանակությունը կհամապա­տաս­­խա­նեցվի տվյալ հողերի փաստացի օգտագործմանը` ազատելով նշված տնտեսություններին ֆինանսական զգալի պարտավորություններից և ապահովելով դրանց բնականոն գործունեությունն ու զարգացումը:

Որպես հիմնավորում նշվում է, որ «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների զգալի մասում առկա են տարբեր ժամանակներում կառուցված ինքնակամ շինություններ (հիմնականում՝ արհեստական լճակներ), որոնք կառուցված են իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերում:

2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-109-Ն օրենքով կատարված փոփոխությամբ նոր կառուցվող ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվել է արտոնություն և հողամասի սեփականատերերն ազատվել են հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելու պարտավորությունից, սակայն համաչափությամբ չի կանոնակարգվել մինչ օրենքի ընդունումը գործող տնտեսությունների հողամասի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված հարաբերությունները, ինչի հետևանքով ներկայումս հողամասի նպատակային նշանակության փոփոխության և ինքնական շինության օրինականացման համար Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբույծները ստիպված են վճարել հողամասերի կադաստրային արժեքների` փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 1 հա հաշվարկով մոտ 19 միլիոն ՀՀ դրամ:

Նախագծի ընդունման նպատակը ձկնաբուծությամբ զբաղվող բոլոր տնտեսությունների համար հավասար պայմանների ստեղծումն է (հողերի նպատակային նշանակության համապատասխանեցման առումով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել