ՀՀ կառավարության 04.06.2015թ. թիվ 621-Ն որոշմամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում հաշվառումից հանելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացվում՝
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր.
3) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը.
4) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը:
Վերոգրյալից հետևում է, որ տրանսպորտային միջոցը խոտանելու ժամանակ տրանսպորտային միջոցի գույքահարկի չկատարված պարտավորությունները չեն վերանում և գույքահարկի պարտքը ենթակա է մարման:
ՀՀ կառավարության 04.06.2015թ. թիվ 621-Ն որոշմամբ սահմանված են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը խոտանելու դեպքում գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում (հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման ժամանակ, սնանկության աճուրդով ձեռքբերման ժամանակ, բանկերի կողմից արտադատական եղանակով բռնագանձման ժամանակ և այլն), սակայն նշված դեպքերում ընդամենը սահմանված է գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը չներկայացնելու պայման և այդ դեպքերում գույքահարկի պարտքի զրոյացում կամ վերացում տեղի չի ունենում: