«Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ մերժեց:
«Բառացի ասել եմ, նախագիծն ընդունելու դեպքում բյուջեի եկամուտները կնվազեն 32 մլրդով, որից 17 մլրդից կօգտվեն նրանք, ովքեր աշխատում են և վճարում են եկամտային հարկ, իսկ 15 մլրդը, եթե ամբողջ վառելիքի ծախսն էլ գնա գյուղմթերքին, կկազմի 0,3%-ը. ես այլ բան չեմ ասել»,- ասաց պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և 35 կողմ, 38 դեմ ձայներով չընդունվեց:
Հիշեցնենք, որ առաջարկվում էր ակցիզային հարկը 1 տոննա բենզինի համար 40 հազար դրամի փոխարեն սահմանել 25 հազար դրամ, սեղմված բնական գազի 1000 մ3-ի համար սահմանել 8330 դրամ՝ նախկին 25 հազարի փոխարեն:
Իսկ բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 120.000 դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 120.000 դրամի:
Նախագծով առաջարկվում է նաև նվազեցնել եկամտահարկի դրույքաչափերը․
«Եթե այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝
1) ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի ամսական մեծությունը | Եկամտային հարկի դրույքաչափը |
մինչեւ 150000 դրամը ներառյալ | 23 տոկոս |
150000-ից մինչեւ 300000 դրամը ներառյալ | 34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
300000-ից մինչեւ 2000000 դրամը ներառյալ | 73500 դրամ՝ գումարած 300000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը |
2000000-ից ավելի դրամ | 549500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը |
2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի տարեկան մեծությունը | Եկամտային հարկի դրույքաչափը |
մինչեւ 1800000 դրամը ներառյալ | 23 տոկոս |
1800000-ից մինչեւ 3600000 դրամը ներառյալ | 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
3600000-ից մինչեւ 24000000 դրամը ներառյալ | 882000 դրամ՝ գումարած 3600000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը |
24000000-ից ավելի դրամ | 6594000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը |
Նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ ապրանքատեսակների գների բարձրացման: Մասնավորապես, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի թանկացումը արդեն իսկ հանգեցրել է ընդհանուր գնաճի, ինչը իր հերթին նպաստում է Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը:
Նախագծի ընդունմամբ էներգակիրների հարկային բեռը կթեթեւանա, ինչը կնպաստի, որպեսզի այդ ապրանքատեսակները էժանանան:
Հարկային օրենսգրքի հոդված 150-ի համաձայն՝ մինչև 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային հարկի ավելի ցածր՝ 23 տոկոս դրույքաչափ՝ քան «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2015թ. ապրիլի 2-ի ՀՕ-246-Ն օրենքի Հոդված 10-ով ամրագրված 24.4 տոկոս դրույքաչափն է՝ ամսական մինչև 120 հազար դրամ եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար: Մինչդեռ 150 հազար դրամից ավել եկամուտ ստացող ֆիզիկական անձանց փաստացի եկամուտների նվազել է, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ 26 տոկոսի փոխարեն կիրառվում է եկամտային հարկի 28 տոկոս դրույքաչափ:
Նախագծի ընդունմամբ պայմանավորված 150 հազար դրամից մինչև 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի կվերադարձվի մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին: