Ինչպես տեղեկացնում է «Եվրանյուզը», Հաիթիի պաշտոնատար անձիք պահանջել են, որպեսզի 2010 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ երկրում գտնվող «Օքսֆամ» առաքելության անձանց անունները հրապարակվեն: Կազմակերպության աշխատակիցները մեղադրվում են անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու համար։
Մեծ Բրիտանիան սպառնում է դադարեցնել «Օքսֆամ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորումը՝ սեռական սկանդալի պատճառով: Հաիթիում «Օքսֆամ» առաքելության աշխատանքների վարքի ցնցող մանրամասները հայտնի դառնալուց հետո պաշտոնական Լոնդոնը պարզաբանում է պահանջել։
«Օքսֆամ»-ի ղեկավար Վիննի Բյանայիման, քննադատությունների տարափից հետո հայտնել է, որ կազմակերպության վերահսկողությունը բարելավվել է․
«Այն ժամանակ տեղի ունեցածը այսօր չի կարող տեղի ունենալ, մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկել, սակայն ավելին պետք է անենք: Ես հայտարարում եմ, որ կազմակերպության ղեկավարությունը վճռական է տրամադրված վերահսկողության համակարգը բարելավելու հարցում, որպեսզի նման բաները այլևս երբեք չկրկնվեն», – ասել է տիկին Բյանայիման:
2010 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո «Օքսֆամ»-ի աշխատակիցները առաջիններից էին, որոնք աջակցության նպատակով ժամանեցին Հաիթի: Սակայն, ըստ ԶԼՄ-ների հաղորդման, բարեգործության հետ միասին առաքելության աշխատակիցները կազմակերպել են մարմնավաճառների մասնակցությամբ երեկույթներ: Վարձակալված առանձնատուն են հրավիրվել հաիթուհիներ, այդ թվում նաև անչափահաս աղջիկներ։
«Օքսֆամ»-ը հայտարարել է, որ մի քանի տարի առաջ ազատել են իրենց հեղինակությունը վարկաբերած աշխատակիցներին։ Սակայն բարոյական տեսանկյունից հարցը բաց է մնում, քանի որ դիտորդների կարծիքով բարերարները օգտվել են կղզու բնակիչների աղետալի վիճակից:
«Օքսֆամ»-ի փոխտնօրեն Փեննի Լոուրենսը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Միևնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը, որը «Օքսֆամ»-ին ավելի քան 32 մլն եվրո դրամաշնորհներ է տրամադրել, սպառնացել է դադարեցնել այս կազմակերպության ֆինանսավորումը:
Հումանիտար օգնություն տրամադրելու դիմաց բռնաբարությունների, ոտնձգությանների և սեռական բռնությունների մասին մեղադրանքները, որոնց մասին հայտարարել է «Օքսֆամ»-ի գլոբալ անվտանգության բաժնի նախկին ղեկավար Հելեն Էվանսը կատարվածի ընդամենը մի մասն է, տեղեկացնում է The Telegraph-ը։
Մեծ Բրիտանիայի Channel 4 ալիքը հրապարակել է Հելեն Էվանսի հետ հարցազրույցի հոլովակը, որտեղ նա խոսում է կազմակերպության աշխատակիցների շրջանում պատանիների նկատմամբ սեռական ոտնձգության այլ դեպքերի մասին, ինչի հետևանքով սկանդալի զարգացումը նոր թափ է ստացել։
«Օքսֆամ»-ի նախկին ղեկավարի հաղորդման համաձայն, Մեծ Բրիտանիայում կազմակերպության հետ համագործակցող 14-ամյա կամավորները սեռական ոտնձգությունների են ենթարկվել։
Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել է Հաիթիում 2010թ.-ի ավերիչ երկրաշարժիչ տուժածներին «օգնություն տրամադրող» «Օքսֆամ»-ի առաքելության աշխատակիցների փակ հաշվետվության մասին տեղեկատվությունը։
Այլ աղբյուրների համաձայն՝ առաքելության անձնակազմը, որը ներգրավված էր տուժածներին մարդասիրական օգնության բաշխման գործընթացում, պարզապես զբաղվում էր անչափահաս աղջիկներին նրանց հասանելիք անվճար օգնություն տրամադրելու դիմաց սեռական կապի մեջ մտնելու դրդելով:
«Օքսֆամ»-ը ավելի քան 90 երկրներում գործընկերների և տեղական համայնքների հետ աշխատող 20 կազմակերպություններից կազմված միջազգային կոնֆեդերացիա է:
Investing.com-ի տվյալներով, «Օքսֆամ»-ը բրիտանական կառավարությունից ստացել է մոտ 32 միլիոն ֆունտ սթերլինգ (տարեկան 44 միլիոն դոլար), իսկ Օքսֆորդում գտնվող կենտրոնական գրասենյակի հետ շրջանառությունը հասնում է 415 միլիոն ֆունտ սթերլինգի (573 միլիոն դոլար):
Եվրոպական հանձնաժողովը նույնպես հայտարարել է, որ կարող է դադարեցնել «Օքսֆամ»-ին տրամադրվող ֆինանսավորումը, որը կազմում է տարեկան մոտ 68 մլն եվրո (84 մլն դոլար):
«Մենք չափազանց խիստ մոտեցում կցուցաբերենք նման մեղադրանքների հետաքննության հարցում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեզանից դրամաշնորհներ ստացող կազմակերպությանը, և ակնկալում ենք, որ «Օքսֆամ»-ը հրատապ և թափանցիկ զեկուցում կներկայացնի կատարվածի վերաբերյալ», – ասել է Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Մայա Կոսանչիչը: