Քննչական բաժնի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Մ. Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը, այնուհետև այդ մասին հայտնել է նաև իր վերադասին` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ով վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, իր հերթին Բ. Գասպարյանին խոստացել է նրա որդու օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարել:

Այնուհետև Մ. Զադոյանը մեղադրյալի հորն ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, վերջիններիս համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և Մ. Զադոյանին ու Բ. Եղիազարյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Այսպիսով, Բունիաթ Եղիազարյանը, Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փաստաբան Գայանե Գալոյանի  օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՄԶադոյանի, դրան օժանդակելու մեջ մեղադրվող Գ. Գալոյանի և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ մեղադրվող ԲԳասպարյանի վերաբերյալ  քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա

 մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով

դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել