Ոստիկանության ծառայող կարող է դառնալ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ՀՀ 18-ից մինչև 30 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի, որըանցել է պարտադիր զինվորական ծառայություն, իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները: Այս մասին սահմանում է ոստիկանության ծառայության մասին նոր օրեքը, որը ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 2-ից:
Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է կառավարությունը:
Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները նույնպես սահմանում է կառավարությունը:
Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:
Ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով: