ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերությունը ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցվի։ Այս մասին վաղը՝ փետրվարի 15-ին գործադիրի հերթական նիստի որոշում կընդունվի։
Նշենք, որ ընկերությունն իրականցնում է օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, որոնման, հետախուզման և երկրաբանա-տնտեսագիտական գնահատման, ընդերքի օգտագործման հետ կապված հարաբերությունների կատարելագործման նպատակով նորմատիվ փաստաթղթերի մշակման, ինչպես նաև ՀՀ հանքահումքային հենքի վիճակի վերլուծության և նրա զարգացման հեռանկարների կանխատեսման աշխատանքներ: Ստեղծման օրվանից մինչ օրս հանդիսանում է գիտական կենտրոն, ներկայումս ընկերության 11 աշխատողներից 5-ը՝ մինչև 35 տարեկան մասնագետներ են, որոնք մասնագիտացվել են ընկերությունում վերջին 4-5 տարիների ընթացքում: Աշխատողներից 2-ը՝ գիտությունների դոկտորներ են, 4-ը՝ գիտությունների թեկնածուներ, 2-ը՝ մագիստրոսի որակավորում ունեցող մասնագետներ:
Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Երևանի Կոմիտասի 49 հասցեի 619 քառ. մետր մակերեսով տարածքում, որը նախկինում հաշվառված է եղել վերջինիս հաշվապահական հաշվեկշռում և հետագայում հանձնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Ներկայումս ընկերությունն անշարժ գույք չունի:
Ընկերությունը 2011-2016թթ. աշխատել է շահույթով, գործունեության ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 49 միլիոն ՀՀ դրամ հարկեր: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 62663,1 հազ.դրամ:
Նախագծի հիմնավորման համաձայն ընկերության մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը:
«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, յուրաքանչյուրը՝ 10․000 դրամ, ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցվի ընկերության աշխատավորական կոլեկտիվին։ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը կկազմի 200 հազ. դրամ: