Նոր նախագծով՝ վարչական դատարանում պետական մարմինը պետք է հիմնավորի, թե ինչո՞ւ չի ուզում դատական նիստը տեսանկարահանվի

Այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց իր հեղինակած վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածում նշվում է, որ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ, դատարանի թույլտվությամբ:

««Դատավարության մասնակցի» եզրույթը բազմաթիվ մտահոգություններ էր առաջացրել հատկապես դատական նիստերի լուսանկարահանմամբ և տեսանկարահանմամբ զբաղվող լրագրողների շրջանում: Քանի որ լրագրողը կամա, թե ակամա հայտնվում էր դատավարության մասնակիցներից մեկի կողմում: Եթե լրագրողը պարտավոր է իր գործառույթները կատարելու համար  դիմել դատավարության կողմերից մեկին՝ միջնորդություն ներկայացնելու համար, իսկ դատավարության մասնակիցն էլ իր հերթին պետք է միջնորդի լրագրողի համար: Այս դեպքում դատավարության մյուս կողմի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ է դատավարության մյուս մասնակիցը միջնորդում այդ լրագրողի համար»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահը նաև օրինակ բերեց քաղաքացիական օրենսգրքում գործող կարգավորումը, որի համաձայն, դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուսատտեսությամբ կամ համացանցով կատարվում է դատարանի թույլտվությամբ՝ մասնակից կողմերի համաձայնության դեպքում. «Պրակտիկայում հենց այդպես էլ կատարվում է: Պարզապես լրագրողը դատարանին հարցնում է, թե կարո՞ղ է լուսանկարահանել, դատարանն էլ հարցնում է կողմերին: Եթե կողմերն էլ համաձայն են, ապա դատարանը տալիս է իր թույլտվությունը»:

Օրենսգրքում նախատեսվում է ևս մեկ փոփոխություն: Քանի որ վարչական դատարանում կողմերից մեկը պետական մարմնի ներկայացուցիչ է, ապա Արփինե Հովհաննիսյանը նախատեսում է վարչական մարմնի վրա լրացուցիչ «բեռ դնել»:

«Քաղաքացիական դատավարության դեպքում կողմերից մեկը կարող է պարզապես ասել, որ չի ցանկանում, որ իրականացվի լուսաբանում և վերջ, դա բավարար է, որպեսզի դատարանը թույլտվություն չտա: Իսկ նախագծով առաջարկվում է, որպեսզի վարչական մարմինը հիմնավորի, թե ինչու է անհամաձայնություն տալիս լուսանկարահանմանը և տեսանկարահանմանը, եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձը դրան համաձայն է: Որովհետև վարչական մամինը չի կարող ասել, որ տրամադրություն չունի, անձնական կյանքիս վերաբերող գործ է և դրա համար չի ուզում որ դեմքի այդպիսի արտահայտությամբ իրեն տեսնեն: Այս սկզբունքները վարչական մարմինը չի կարող օգտագործել և հետևաբար պետք է լրացուցիչ բեռ ստանձնի և առանձին հիմնավորի»,-նշեց նա:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել