Շվեյցարիայի կողմից հետախուզվողը Հայաստանում սխալ թարգմանության հետևանքով կալանավորվել է․ պնդում է փաստաբանը

Այս տարվա հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից Հայաստանում բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Արտեմ Սատալկինը։ Նա բերման է ենթարկվել Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվելու փաստի հիման վրա (գողություն, սեփականության վնաս, ներխուժում բնակարան, թմրանյութերի վերաբերյալ դաշնային օրենքի խախտում)։

Դատախազության կողմից դատարան ներկայացրած միջնորդությամբ Սատալկինը կալանավորվել էր։ Սատալկինի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալին կալանավորել են սխալ թարգմանության հետևանքով։

«Հունվարի 11-ին գնացինք դատարան, ասացինք՝ բերել եք մի թարգմանություն, որը մենք չենք հասկանում, թե ո՞վ է թարգմանել։ Թարգմանվել է ֆրանսերենից։ Ասացին, մենք ենք թագմանել, դատախազությունում նման ծառայություն ունենք։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը միջնորդությունը բավարարեց, կալանք նշանակվեց՝ 30 օրով։ Այսօր նորից դիմել են՝ կալանքը երկու ամսով երկարացնելու համար, դատավորն արդեն Արշակ Վարդանյանն է։ Նորից ասում ենք՝ մեզ հետաքրքրում է, թե ո՞վ է այս թղթերը թարգմանել»,- ասաց փաստաբան Սիրունյանը։

փաստաբան Ալեքսանդր Սիրունյան

Նշենք, որ Սատալկինին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է։ Փաստաբանը միջնորդության դեմ առարկել է, նշել, որ իր պաշտպանյալին վերագրվող բոլոր արարքները, ինչի համար Ստալակինի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ Շվեյցարիայում պատիժ է նախատեսվում միայն տուգանքի ձևով․ «Անձի «Հանձնման մասին» կոնվենցիան ասում է, որ չի կարող հանձնվել այն անձը, եթե ստացող երկրում, այսինքն Շվեյցարիայում, այդ հանցագործության պատժի չափը մեկ տարուց պակաս է։ Մենք արդեն երկու ամիս է ասում ենք, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքով այդ հանցագործության համար պատիժը պակաս է մեկ տարուց, դուք իրավունք չունեք նրան հանձնեք։ Դատախազը մեզ փաստաթուղթ է բերում, ասում, դուք լավ չգիտեք ո՛չ Շվեյցարիայի օրեսնդրությունը, ո՛չ էլ լեզվաբանությունը։ Ցույց է տալիս թարգմանված փաստաթուղթը թե՝ 5 տարուց ավել է նախատեսված»,-ասաց Ալեքսյանդր Սիրունյանը։

Փաստաբանը մեզ հայտնեց, որ դիմել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն, որտեղից էլեկտրոնային նամակի տեսքով պաշտոնապես հաստատել են, որ սխալ է արվել։ Այն թղթերը որոնք թարգմանվել և որոնց հիման վրա կալանավորվել է իր պաշտպանյալը՝ հանձնել է նոտարական մի քանի գրասենյակներ, ստացել իրենց կողմից սպասվող թարգմանությունը։

Նշենք, որ փաստաբանն այս դեպքի հետ կապված բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել