ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն:
2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 45-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովա»-ի անվան զբոսայգում գործող սրճարանում, ապա նաև սրճարանի տարածքից դուրս ակոսափող ինքնաձիգից շուրջ 40 կրակոց է արձակել, որը զուգորդվել է նշված սրճարանում գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով: Կրակոցների հետևանքով վնասվել են սրճարանի գույքը և խուճապ առաջացրել հաճախորդների և աշխատակիցների շրջանում: Բացի այդ, անկանոն կրակոցների հետևանքով վնասվել է նաև Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկի բնակարանի պատուհանի ապակին և հեռուստացույցը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով: