ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է նոր նախագիծ՝ «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանը հաստատելու մասին:
Հաշվառման սրահի վերանորոգման համար ընդհանուր արժեքը կկազմի 100.000 ԱՄՆ դոլար, նստեցման հատվածի և ժամանման սրահի ընդլայնումը կարժենա 900.000 ԱՄՆ դոլար, վառելիքալցավորման և ձյուն մաքրող մեքենայի, սկիդոմետրի ձեռքբերման համար պահանջվող ներդրումն էլ 1,200,000 ԱՄՆ դոլար է կազմում: Իսկ կառամատույցի վերանորոգման համար անհրաժեշտ է 2 միլիոն դոլար:
Կոնցեսիոները Կառավարության հետ համատեղ կմշտադիտարկի ուղևորահոսքի աճը և օդանավակայանի թողունակությունը և զգալի փոփոխությունների դեպքում կտեղադրի նոր ՃՄՈՒՀ (ճշգրիտ մոտեցման ուղեցույց) նստեցման համակարգ վազքուղու 199 աստիճանի համար, որը կարժենա 200,000 ԱՄՆ դոլար:
Ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի դրույթներն ու պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների Կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 2018-2022թթ. համար Մաստեր Պլանը հաստատելու մասին առաջարկը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նպատակահարմար է գտնում սույն որոշման ընդունումը: