ՀՀ հատուկ քննչական ծառայության` 2018 թվականի հունվարի 24-ին անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են Ծառայության նախորդ տարվա գործունեության արդյունքները, առանձնացվել կարևոր ձեռքբերումները և նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
Ներկայացնելով 2017թ.-ի ցուցանիշները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ` հաշվետու ժամանակահատվածում քննված գործերի քանակը 9,2 տոկոսով աճել է. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2017թ.-ին քննվել է 827 քրեական գործ՝ 2016թ.-ին քննված 757 քրեական գործի փոխարեն:
«Վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա համեմատ 13 գործով և 82 անձով աճել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերի և անձանց թիվը, իսկ վարույթը կարճված գործերի թիվը նվազել է 61-ով: Նշված փոփոխությունները խոսում են քննության որակի բարձրացման մասին: Բացի դրանից, հաշվետու ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացել է նաև քննության արդյունավետությունը: Այսպես, 2017 թվականի ընթացքում քննված 827 քրեական գործերից լուծվել է 721 գործի ընթացքը կամ վարույթում քննված գործերի 87,2 տոկոսը: Այսինքն, չնայած գործերի քանակի, ծանրաբեռնվածության աճին՝ քննության արդյունավետությունը չի տուժել, այլ հակառակը՝ նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է,- ընդգծել է Մ. Բաբայանը:
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալն անդրադարձել է նաև 2017 թվականի ընթացքում Ծառայության վարույթում քննված և դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի գործերին, որոնցով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել դատական և գործադիր իշխանության, ինչպես նաև պետական այլ կառույցների պաշտոնատար անձանց: Նշված բոլոր քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Ըստ Մ. Բաբայանի` հաշվետու ժամանակահատվածում ավելացել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ինչպես այս բնույթի գործերի, այնպես էլ դատի տրված անձանց քանակը: Այսպես, եթե 2016 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել 26 գործ 42 անձի նկատմամբ, ապա 2017 թվականին արդեն 42 գործ՝ 116 անձի նկատմամբ: Ինչպես պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 94 պաշտոնատար անձինք:
2017թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 95.741.500 ՀՀ դրամ, որից պետությանը` 77.497.000 ՀՀ դրամ: Ընդ որում, Մ. Բաբայանը փաստել է, որ հնարավորություն է ստեղծվել կանխիկ գումարով և գույքի կալանքով 100 տոկոսով վերականգնել պատճառված նյութական վնասը:
Ամփոփելով 2017թ.-ին Ծառայության կողմից կատարված աշխատանքներն ու հիմնական ձեռքբերումները` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդգծել է. «2017 թվականը Հատուկ քննչական ծառայության համար առանձնահատուկ տարի էր. այն նշանավորվեց կառույցի կազմավորման 10-ամյա հոբելյանով, որը մեզ հնարավորություն ընձեռեց վերաիմաստավորել Ծառայության գործառութային առաքելությունը, արժևորել նախորդ տարիների նշանակալի ձեռքբերումները` միաժամանակ օբյեկտիվորեն վեր հանելով աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները: Անդրադառնալով 2013 թվականից հետևողականորեն իրականացվող Հատուկ քննչական ծառայության կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` Վ. Շահինյանը փաստել է. «Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ոչ միայն 2017-ի, այլև անցած տարիների մեր առանցքային ու ամենակարևոր ձեռքբերումն է, քանի որ հիշյալ ռազմավարության իրագործումը հանգեցրել է ոչ միայն մեր Ծառայության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, այլև նրա` որպես սկզբունքային և անաչառ պետական կառույցի դերակատարության աճին, որի մասին են վկայում աշխատանքի առանձնահատուկ որակ պահանջող, պետության և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող քրեական գործերի նախաքննությունը հենց մեզ հանձնարարելու փաստերը: Ընդ որում, Վ. Շահինյանի համոզմամբ, այս ուղղությամբ արձանագրված դրական արդյունքները Ծառայությանն ավելի են պարտավորեցնում` ընթացիկ տարում ևս հաղթահարել սահմանված բարձր նշաձողը և հատկապես օբյեկտիվ ու արդյունավետ քննություն իրականացնելու առումով անել հնարավոր ամեն ինչ` Ծառայությունից հասարակության ակնկալիքներն արդարացնելու նպատակով:
Ըստ Վ. Շահինյանի` չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Ծառայության կողմից կատարված մեծածավալ աշխատանքներին, դրանք առայժմ բավարար համարել չի կարելի, քանզի աշխատանքային որոշ ձևերի ու մեթոդների կատարելագործման և հակազդման առավել գործուն մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը դեռևս առկա է. «Ինչպես Ծառայության 10-ամյակի կապակցությամբ իր ելույթում ընդգծել է Հանրապետության Նախագահը, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ: Համոզված եմ, որ 2018 թվականին մեր ջանքերը նպատակաուղղվելու են կոռուպցիայի դեմ պայքարն էլ՛ ավելի ակտիվացնելուն, այդ երևույթի հակազդման ու կանխարգելման իրավական գործիքները կատարելագործելուն, քանզի գաղտնիք չէ, որ դրանցից ամենակարևորը որակյալ և արդյունավետ նախաքննության կատարումն է: Այս առումով պետք է առանձնահատուկ ընդգծել, որ այն նաև Հատուկ քննչական ծառայության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության բարձրացման ամենակարևոր երաշխիքներից է:
Կարևորելով կառույցում իրականացվող կադրային քաղաքականությունը` Հատուկ քննչական ծառայության պետը նշել է, որ վերջին տարիներին Ծառայության ղեկավարության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի կառույցը համալրվի իրենց գործին նվիրված, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ ունեցող ազնիվ քննիչներով, ովքեր ի զորու են կատարել բարդ, բազմադրվագ և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերով որակյալ նախաքննություն.«Այդ տեսանկյունից 2017 թվականը նույնպես բացառություն չէր. Ծառայության քննչական կազմը նախորդ տարի համալրվել է երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական հատկանիշներ ունեցող քննիչներով: Ավելին, 2017 թվականին մեր կառույցում իրականացվող կադրային քաղաքականության մեջ էական փոփոխություն է կատարվել, այն է` Ծառայության գլխավոր պաշտոններում առաջացած թափուր հաստիքները համալրվել են բարեխիղճ և պրոֆեսիոնալ հատկանիշներով աչքի ընկած մեր իսկ քննչական կադրերովե:
Միաժամանակ, Վ. Շահինյանը ընդգծել է, որ հիշյալ աշխատակիցներին խրախուսելուն զուգահեռ` Ծառայությունը միանգամայն անհանդուրժող է եղել այն քննիչների նկատմամբ, ովքեր տարբեր առումներով թերացել են իրենց աշխատանքում. «Մեր քննիչները պետք է գիտակցեն, որ Ծառայության հատուկ առաքելությամբ պայմանավորված` նրանց ներկայացվող պահանջները շատ ավելի խիստ են: Այդ է պատճառը, որ նախորդ տարվա ընթացքում Ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ արդեն իսկ Ծառայությունից հեռացել են Հատուկ քննչական ծառայության ծառայողին ներկայացվող պահանջներին չբավարարող 4 քննիչներ:
Նիստի ընթացքում Ծառայության պետն անդրադարձել է նաև նախորդ տարի սուտ մատնության դեպքերի վերաբերյալ Ծառայությունում քննված քրեական գործերին, որոնց աննախադեպ աճի միտումը Հատուկ քննչական ծառայությունում պահպանվում է 2013 թվականից առ այսօր: Եթե 2013-ին քննվել է այս բնույթի հանցագործությունների 7, ապա նախորդ տարի սուտ մատնության քրեական գործերի քանակը 10 անգամ աճել է` հասնելով 70-ի. Խիստ կարևորելով սուտ մատնության դեմ անհաշտ պայքար տանելու անհրաժեշտությունը` կարծում եմ, որ 2018 թվականին Ծառայության քննիչները պետք է առավել ակտիվացնեն իրենց ջանքերը այս հանցատեսակի փաստով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, քանզի սուտ մատնությունը հարկադրում է քննիչին ոչ միայն ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար, այլև կորցնելով թանկարժեք ժամանակը` քննությունը տանում է սխալ ճանապարհով: Այս հանցատեսակի մյուս՝ ամենաարգահատելի կողմն այն է, որ թե՛դատավարության մասնակիցների, և թե՛ հանրության մոտ կասկած ու անվստահություն է սերմանում ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի սկզբունքայնության ու անաչառության նկատմամբ, այլև վնասում է իրավապահ մարմնի բարեխիղճ աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը,-ընդգծել է Վ. Շահինյանը:
Ծառայության պետը նաև նշել է, որ դեռևս որոշակի անելիքներ են նախատեսվում գերատեսչական վերահսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն նախաքննության կազմակերպմանն ու վերահսկմանը, այլև թերությունների ու հնարավոր չարաշահումների կանխարգելմանը: Այդ պատճառով քննչական աշխատանքի կազմակերպման գործընթացում 2018 թվականից արդեն շեշտը պետք է դնենք սխալների ու թերությունների վաղ կանխատեսման ու կանխարգելման մեխանիզմների կատարելագործման վրա: Միաժամանակ հրաժարվենք նախաքննության նկատմամբ վերահսկողության արդեն հնացած ձևերի կիրառումից` փորձելով ավելի շատ հիմնվել մարդկանց անհատական, պրոֆեսիոնալ հատկանիշների, նրանց նյութական ու բարոյական խրախուսանքների վրա:
Առանձնահատուկ ընդգծելով 2017 թվականին արձանագրված քննության արդյունավետության տեսանելի դրական տեղաշարժը, Վ. Շահինյանը, այդուհանդերձ, քննիչներին հորդորել է ընթացիկ տարում աշխատել շատ ավելի բարեխիղճ, ջանք չխնայել և անել առավելագույնը` Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործերի քննության արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու համար:
Ի դեպ, խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը փոխանցիկ գավաթը հանձնել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությանը, որը, 2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության 3 վարչությունների կատարած աշխատանքների արդյունքում, ըստ ցուցանիշների և քննության արդյունավետության ճանաչվել է լավագույնը: