Ինչպես հայտնում է BBC-ն, Աֆղանստանի արևելյան մասում գտնվող Ջալալաբադ քաղաքում ահաբեկիչները գրոհել են Save the Children (Փրկենք երեխաներին) մարդասիրական կազմակերպության գրասենյակը։
Ներկայումս կա առնվազն 11 վիրավոր։ Ինչպես հաղորդվում է, գրոհի պահին շենքում եղել է շուրջ 50 մարդ։ Կասկածվող ահաբեկչական խումբը հարձակումն սկսել է հրաձգությամբ, որի ընթացքում, կրակոցներ են արձակվել գնդացիրներից ու շենքի վերին հարկերից նռնակներ նետվել։
Ոչ մի խմբավորում առայժմ իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։
Հարձակումը սկսվել է տեղի ժամանակով մոտ 09։10-ին, երբ մի մահապարտ ահաբեկիչ իրեն պայթեցրել է շենքի մուտքի դիմաց։
Ենթադրվում է, որ ահաբեկիչները երկուսը կամ երեքն են եղել։
Այս մարդասիրական կազմակերպությունը Աֆղանստանում գործում է 1976-ից ի վեր։ Այն արդեն օգնել է շուրջ 700 000 երեխայի։ Կազմակերպության նպատակն է ամբողջ աշխարհում երեխաների համար ավելի հասանելի դարձնել կրթությունը, առողջության խնամքը և առաջին անհրաժեշտության պարագաները։
Երկրում այսպիսի կազմակերպությունները սուղ պայմաններում շարունակում են իրենց գործունեությունը և պարբերաբար հարձակումների են ենթարկվում։
Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը
Իրավաբան.net