Այսօր` նոյեմբերի 5-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մարտին Սարոյանի, շարունակվեց թիվ ՇԴ/0046/01/12 քրեական գործի քննությունն` ըստ մեղադրանքի Տիգրան Մանուկյանի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Տիգրան Խաչիկի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 2012թ. հունվարի 1-ին ժամը 18.00-ին Օպել Վեկտրա մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գյումրի-Արևիկ ճանապարհով ընթացող վազ 2105 մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում վազ 2105 ավտոմեքենայում գտնվող 19.11.2011թ. ծնված Կարապետ Մելքոնյանը և Օպել Վեկտրա մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1932թ. ծնված Աշիկ Գրիգորյանը մահանում են:
Այսօր դատարանն ունկնդրելու էր կողմերի ճառերը: Դատական նիստին ներկա էին մեղադրող` Ա. Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդները, վերջիններիս ներկայացուցիչները, ամբաստանյաը և վերջինիս շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
Մեղադրողն իր ճառում ապացուցված համարեց ամբաստանյալ Տիգրան Մանուկյանի մեղավորությունը: Ճառում մանրամասնելով, որ, թե’ նախաքննության, թե’ դատաքննության փուլում փաստերը հիմնավորվել են ինչպես վկաների և տուժողների իրավահաջորդների ցուցմունքներով, այնպես էլ դատաապրանքագիտական, դատաավտոտեխնիկական փորձաքննությունների, նաև հետքաբանական հետազոտությունների, դեպքի վայրի զննության արձանագրություններով և մի շարք այլ քննչական գործողությունների արդյունքում:
Մեղադրողը, հաշվի առնելով արարքի հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը, դատարանին միջնորդեց ամբաստանյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամանակով, ինչպես նաև ավտոմեքենա վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամանակով: Որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնել, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական և իր խնամքին ունի երկու մանկահասակ երեխա: Խափանման միջոցը` կալանավորումը թողնել անփոփոխ: Քաղաքացիական հայցով` տուժող Աշիկ Գրիգորյանի իրավահաջորդի քաղաքացիական հայցը բավարարել և ամբաստանյալից հօգուտ վերջինիս բռնագանձել 800.000 ՀՀ դրամ, հօգուտ Կարապետ Մելքոնյանի իրավահաջորդի ամբաստանյալից բռնագանձել 400.000 ՀՀ դրամի չափով` հուղարկավորության ծախս:
Իրենց ճառով հանդես եկան նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները: Ճառերի արտասանության ժամանակ ամբաստանյալը տեղից բացականչում էր ժամանակ առ ժամանակ, նաև հայոյախառն արտահայտություններ թույլ տալիս: Դատական նիստը վերածվեց քաոսի. Հնչում էին տարաբնույթ արտահայտություններ, սպառնալիքներ` թե մեղադրողի և թե տուժողների իրավահաջորդների նկատմամբ: Դատարանը իրադրությունը կառավարելու համար հայտարարեց ընդմիջում:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարանին միջնորդեց 5 օր, որպեսզի ճառը կարողանա վերակազմավորել, քանի որ վերջինիս հույս ուներ, որ մեղադրողն այսօր հրաժարվելու էր առաջադրված մեղադրանքից: Դատարանը բավարարեց ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությունը և դատական նիստ նշանակեց նոյեմբերի 7-ին ժամը 16.00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net