Վիճակագրությունն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում ծանր հետևանքով պատահարների պատճառ են դառնում սահմանված արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը:
Ճանապարհային ոստիկանությունը, ի թիվս երթևեկության կանոնների այլ խախտումների, հետևողական է հատկապես այս դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
«Միայն այս տարվա հունվարի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արագության գերազանցման համար կազմվել է 18161 վարչական արձանագրություն, որն արձանագրությունների ուղիղ կեսն է: Հայտնաբերվել է 281 անսթափ վարորդ:
Հավելենք նաև, որ ծանր պատահարների ողբերգական հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել, եթե վարորդներն ու ուղևորները չխուսափեն ամրագոտիներ կապելուց:
Ցավոք, երթևեկության մասնկիցների մի զգալի հատված շարունակում է անտեսել ճանապարհային ոստիկանության հորդորն ու պահանջը, որն ուղղված է իրենից իսկ անվտանգության ապահովմանը:
Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է լինելու երթևեկության կանոնների ոչ միայն վերոհիշյալ, այլև ցանկացած խախտում արձանագրելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու հարցում, սակայն երթևեկության մասնակիցներն էլ պետք է գիտակցեն,որ առաջին հայացքից թեթև թվացող խախտումն անգամ կարող է առողջություն, նույնիսկ կյանք արժենալ իր կամ համաքաղաքացու համար:
Ճանապարհային ոստիկանությունն ակնկալում է քաղաքացիների գիտակից ու գործուն աջակցությունը երթևեկության անվտանգության ապահովման գործում»,-ասված է հայտարարության մեջ: