Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ի պատասխան forrights.am կայքում հունվարի 19-ին հրապարակված «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածի՝ ներկայացրել է, թե ինչու՞ է զինծառայողը ազատվել աշխատանքից և թե ի՞նչ է դրան նախորդել:
Էդգար Հայկազի Հակոբյանը պայմանագրային հիմունքներով ՊԲ-ում ծառայում է 2017թ. մայիսի 1-ից: Իր 8 ամսվա ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող: Առաջին անգամ նա ծառայության չի ներկայացել 2017թ. նոյեմբերի 11-ին: Նոյեմբերի 13-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել զորամաս, որտեղ զորամասի հրամանատարի կողմից Է. Հակոբյանի հետ տարվել է բացատրական աշխատանք: Սակայն նույն օրը զինծառայող Հակոբյանը կրկին ինքնակամ լքել է զորամասը:
Նոյեմբերի 18-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինս բերման է ենթարկվել և զորամասի հրամանատարի կողմից նրան, որպես կարգապահական տույժ, հայտարարվել է 10-օրյա կալանք՝ կարգապահական վաշտում: 2018թ. հունվարի 5-ին Է. Հակոբյանը երրորդ անգամ չի ներկայացել ծառայության, ինչից հետո հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետը («զինվորական ծառայությունից արձակում»՝ կարգապահական տույժ կիրառելիս), զորամասի հրամանատարի կողմից որոշում է կայացվել միջնորդել պաշտպանության բանակի հրամանատարին՝ Է. Հակոբյանին ծառայությունից ազատելու և պահեստազոր ուղարկելու մասին: Պաշտպանության բանակի հրամանատարի 2018թ. հունվարի 17-ի հրամանով Էդգար Հայկազի Հակոբյանն ազատվել է զինվորական ծառայությունից և ուղարկվել պահեստազոր:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին հասարակության շրջանում մոլորություն չառաջացնելու համար զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից: