ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հոկտեմբերին Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկում կատարված գողության հանգամանքները. պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել:
2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ Երևանում գործող դեղատներից մեկից 2017թ. հոկտեմբերի 20-ին կատարված հափշտակության վերաբերյալ և քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով հրապարակել դեպքի օրը նշված դեղատանը կատարված տեսագրությունը՝ խնդրելով պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։
Տեսանյութում պատկերված երիտասարդ աղջիկը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Նախաքննության ընթացքում տուժողին հատուցվել է պատճառված վնասը, և վերջինս հրաժարվել է բողոք ներկայացնել:
Քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ հաշտության հիմքով:
Երիտասարդ կնոջ խնդրանքով ՀՀ ՔԿ-ն հեռացրել է պաշտոնական կայքէջում տեղադրված տեսանյութը և լուսանկարները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով: