Համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածի՝ ժառանգատուի կողմից այնպիսի ժառանգության ընդունումը, որի ծավալի մեջ մտնում է նաև զենք կամ սահմափակ շրջանառության մեջ գտնվող այլ գույք, հատուկ թույլտվություն չի պահանջում, սակայն նման ժառանգություն ընդունած անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դիմել լիազորված պետական մարմին` թույլտվություն ստանալու համար:
Ժառանգի դիմումը մերժելու դեպքում նման թույլտվություն պահանջող գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը դադարեցվում է և սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:
Այն դեպքերում, երբ սեփականատերը մեկ տարվա ընթացում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը:
Եթե օրենքով թույլատրվող հիմքերով քաղաքացու կամ իրավաբանական անձի մոտ հայտնվել է այնպիսի գույք, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, և որն ստանալու համար սեփականատիրոջ խնդրանքը մերժվել է, այդ գույքն օտարվում է այն գույքի համար սահմանված կարգով, որը չի կարող պատկանել տվյալ սեփականատիրոջը: