Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։ Սակայն ամուսնալուծությունների դեպքում ծնողը, ում մոտ մնում են երեխաները, հաճախ խոչընդոտում է մյուս ծնողի, երեխայի տատերի և պապերի շփմանը երեխաների հետ: Նման խոչընդոտների հանդիպած տատերի և պապերի, ինչպես նաև մյուս ազգականների իրավունքների խախտումը վերացնելու վերաբերյալ կարգավորումներ է սահմանում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածը սահմանում է, որ մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին` չխանգարելու այդ շփմանը։
Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան։ Դատարանը վեճը լուծում է՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
Խնամակալության և հոգաբարձության մարմնին դիմելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել համապատասխան համայնքի նստավայր (քաղաքապետարան, գյուղապետարան):