Մեկնարկել է ձմեռային զորակոչը

Հունվարի 8-ին մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով այսօր Հանրապետական հավաքակայան են այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը շրջել են հավաքակայանում, զրուցել զորակոչիկների, նրանց ծնողների ու հարազատների հետ, պատասխանել զորակոչային պայմաններին և տրվող արտոնություններին վերաբերող հարցերին:

ԶՈՒ ԳՇ պետը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ծանոթացել են զորակոչիկների բուժզննության ու հանդերձավորման պայմաններին, վիճակահանության գործընթացին, զորակոչիկների սննդակարգին, ինչպես նաև այս զորակոչին առաջին անգամ կիրառվող զինվորական ծառայության «Ես եմ» ծրագրի և և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում իրականացվող աշխատանքներին:

Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին հորդորել են ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը, լինել զգոն, ուշադիր և աչալրջորեն հսկել հայրենիքի սահմանները:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել