Փաստաբան Արմինե Ֆանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է իր դատական պրոցեսի ժամանակ իրեն հանդիպած զավեշտալի դեպքերի, տարվա ձեռքբերումների և տարվա լավագույն փաստաբանի մասին:
–Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
-Ինձ համար 2017թ-նն առանձնացավ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ԱՄՆ կատարած իմ այցով, որի ընթացքում ինձ համար բացահայտեցի դատաիրավական համակարգի մի անխափան, գրեթե կատարյալ մեխանիզմ, որը, մեղմ ասած, մեծ ցանկություն ունեմ տեսնելու ՀՀ-ում:
Բացթողումներին երբեք ուշադրություն չեմ հատկացնում, դրանք որպես կանոն կարելի է լրացնել:
–Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
-Ըստ իս, փաստաբանական գործունեության բնագավառում իր պրոֆեսիոնալիզմով մշտապես աչքի է ընկնում փաստաբան Հայկ Ալումյանը, ով մշտապես հիացնում է իր պատրաստվածությամբ և բարձր մասնագիտական որակներով:
Պետք է նշեմ նաև, որ պրոֆեսիոնալիզմով աչքի ընկան նաև հանրային պաշտպանի գրասենյակի մի շարք փաստաբաններ, մասնավորապես, Էդուարդ Աղաջանյանը, ով 2017թ. ունեցավ 7 արդարացման դատական ակտ:
–Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի, դատական կամ իրավական ակտեր) :
-Ունեի պաշտպանյալ, ով սահմանափակ մեղսունակ ճանաչված մի կին էր և նիստը նախագահող դատավորին դիմում էր ոչ թե «հարգելի դատարան» արտահայտությամբ, այլ շարունակ ասում էր «բալես», բայց դատավորը գրեթե իր տարիքին էր: Դե, իհարկե, դա շատ բուռն արձագանք էր ստանում դահլիճում:
–Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, ևայլն):
-Այս տարի ինձ զարմացրեց վերաքննիչ քրեական դատարանի մի կազմ, որն արդարացման օրինական և շատ պատճառաբանված դատական ակտը բեկանեց, ի դեպ տուժողի` դատարանում դրսևորած շատ անվայել պահվածքի պայմաններում, ով ոչ միայն դատարանին էր վիրավորում, այլ նաև դատավարության մասնակիցներին, և միևնույն ժամանակ խիստ զարմացած եմ իմ մի բողոքի բավարարմամբ, որով 4 տարի ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացվեց` առանձնապես խոշոր չափերի հասնող վնասի հատուցված չլինելու պայմաններում: Ի դեպ, բողոքը բերել էի պարզապես ամբաստանյալի բողոքարկման իրավունքն ապահովելու նպատակով` համոզված լինելով, որ այն մերժվելու է:
–Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն կտայի, գուցե Ձմեռ պապն այդ հարցում մի փոքր շռայլ գտնվի:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Ամանորը և Սուրբ ծննդյան տոները մշտապես նշում եմ ընտանիքիս և ընկերներիս շրջապատում` Երևանյան ժամանցային կենտրոններից մեկում: Հաշվի առնելով իմ կողմից նշված տոներին տրված կարևորությանը, միշտ հաճույքով եմ պատրաստվում դրանք տոնելու և յուրաքանչյուր տարի երեխային հատուկ անհամբերությամբ սպասում եմ դրանց:
–Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունս` խոհանոցում քիչ ժամանակ եմ անցկացնում, սակայն Ամանորի և Սուրբ ծննդյան տոները ընտանիքիս և ընկերներիս համար նշանավորվում են նաև այն բանով, որ ամանորյա բոլոր ուտեստները պատրաստում եմ ինքս: Ի դեպ, շա՜տ համեղ:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:
-Մեծ հույսեր ունեմ, որ 2018թ. ՀՀ-ում մարդու իրավունքների գերակայությունը կլինի այն շեմի վրա, որի մասին միշտ երազել ենք և ՀՀ-ի ի վերջո կհամապատասխանի Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության չափանիշներին:
–Դուք, Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
-Երբեք որևէ բան չեմ խնդրել Ձմեռ պապիկից, նա միշտ կռահել է, թե ինձ ինչ է պետք: