Բժշկական օգնության ոլորտում պետպատվերի կազմակերպման գործընթացում փոփոխություններ կարվեն

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծը, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ բժշկական օգնության և սպա­սարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման և ֆինանսավորման մեխա­նիզմ­ների կարգում՝ մասնավորապես փոփոխություններ պետպատվերի ուղեգրերի տրամադրման գործընթացում, նաև՝ քվոտաների սահմանմամբ:

Մասնավորապես, կառավարությունը տեսնում է անհրաժեշտություն՝ վերանայելու ուղեգրերի տրամադրման գործընթացը, իր ձևակերպմամբ՝ հաշվի առնելով, որ ուղեգրման գործընթացը առավել նպատակահարմար է իրականացնել մասնագիտացված բժշկական կազմակերպություններում:

Ըստ Առողջապահության նախարարության ակնկալիքների՝ նշված փոփոխության արդյունքում մասնագիտական հանձնաժողովների կազմում պետք է ներգրավվեն նաև մարզպետարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և այլ ոլորտների ներկայացուցիչները, ինչը հնարավորություն կտա ուղեգրերի տրամադրման գործընթացում ապահովել առավել թափանցիկություն:

Միաժամանակ, հաշվի առնելով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ներկայիս վիճակը, հերթագրումների քանակը, ուղեգրման, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման գործընթացները վերահսկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ուղեգրերի տրամադրման համար սահմանել քվոտաներ:

Զուգահեռաբար, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական կազմակերպություններ ուղեգրելուն ներկայացվող հիմնական պահանջները:

Սա ըստ ԱՆ-ի, հնարավորություն կտա բարելավելու մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներկայացվող տվյալների որակը, դեպքերի անհատական վարման և մշտադիտարկման գործընթացը, հիվանդանոցային օղակում իրականացվող բժշկական օգնությունն ու սպասարկումը և ստեղծել առավել կանխատեսելի իրավիճակ, որի արդյունքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելիս չեն առաջանա լրացուցիչ բեռ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել