Իրավաբանական գիտությունների թեկնածու Թամարա Շաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գործող ՀՀ դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք չէ, քանի որ նախ՝ այն չի ընդունվել է 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ՝ սահմանադրական օրենքների ընդունման համար սահմանված հատուկ ընթացակարգով, երկրորդ՝ 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ գործող Դատական օրենսգրքին չի տրվել սահմանադրական օրենքի ուժ, և երրորդ՝ եթե նույնիսկ որոշ իրավաբաններ այն համարում են սահմանադրական օրենք, ապա 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության 210-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այլ սահմանադրական օրենքները (այդ թվում՝ ՀՀ դատական օրենսգիրքը) ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Ուստի գործող ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու ընթացակարգը չի կարող իրականացվել սահմանադրական օրենքի համար սահմանված ընթացակարգով: Ավելին, 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին: Ստացվում է, որ հակառակ մոտեցման պարագայում գործող Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները կունենան ավելի բարձր իրավաբանական ուժ:
Ի լրումն վերը նշվածի հավելեմ նաև, որ Սահմանադրական օրենքների և մյուս օրենքների ընդունման համար պատգամավորների ձայների անհրաժեշտ քանակը կարգավորված է 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածով, որոնց կարգավորումները չեն սահմանում բացառություններ կամ իրավունք չեն վերապահում ԱԺ-ին առանձին օրենքների ընդունման դեպքում ձայների այլ քանակ կամ ընդունման այլ ընթացակարգ սահմանելու»: