Մերսման սրահի 26-ամյա տնօրենը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

26-ամյա երիտասարդը դատապարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար։ Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Գործի նյութերի համաձայն, Սերոբը (անունը փոխված է) 2015 թվականի սեպտեմբեր ամսին վարձակալել է նկուղային հարկում գտնվող տարածք, այնտեղ ստեղծել սեքսուալ բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ հարմարություններ` սենյակներից մեկում կառուցել լոգախցիկ, մյուս սենյակները կահավորել մերսման համար անհրաժեշտ ներքնակներով, ձեռք բերել մերսման համար նախատեսված յուղեր և գործարկել մերսման սրահ:

2015 թվականի հոկտեմբերից սկսած որպես մերսող աշխատանքի է ընդունել երեք կանանց, ովքեր բացի մերսումը, նաև սեռական բնույթի ծառայություններ են մատուցել հաճախորդներին՝  10-30 հազար դրամի դիմաց և ստացած վարձատրությունը հավասարապես բաժանել են Սերոբի հետ։

Գործը քննվել է դռնփակ։ Սերոբն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նշել է, որ մերսման սրահը բացելուց հետո մերսուհիներ գտնելու նպատակով համացանցում տեղադրել է հայտարարություն, որին  արձագանքել է  մի աղջիկ։ Նա ասել է, թե  նախկինում աշխատել է մերսման սրահում և կարող է իր ծանոթներից ևս աշխատողներ հրավիրել: Այնուհետև մերսուհիներից տեղեկացել է, թե ինչ սակագներ են գործում նմանատիպ մերսման սրահներում և ինչ տեսակի մերսումներ են առաջարկվում հաջախորդներին: Ինքը նախկինում մերսման սրահ չի ունեցել և ձեռնարկատիրական այդ ոլորտն իրեն անծանոթ է եղել, այդ իսկ պատճառով հիմք է ընդունել մերսուհիների ներկայացված տեղեկությունները և վերջիններիս հետ զրուցելուց հետո որոշվել են մերսման տեսակները և կազմվել մատուցվող ծառայությունների գնացուցակը:

Ինքն այդ սրահում օրվա ընթացքում գտնվել է ընդամենը մեկ-երկու ժամ, սակայն նախապես մերսուհիներին զգուշացրել է, որ նրանք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չունենան և մերժեն այդպիսի առաջակները: Ինքը երբևէ նպատակ չի ունեցել նպաստելու մերսուհիների կողմից սեռական հարաբերություններ ունենալուն: Մերսուհիների կողմից մատուցված ծառայությունների համար գոյացած գումարները հավասարապես բաժանվել են իր և այդ մերսուհիների միջև: Սրահի գործունեությունը կասեցվել է 2016 թվականի փետրվարին, քանի որ տարածքի սեփականատերը ցանկացել է այն տրամադրել այլ անձի:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չեն, դրանք նպատակ են։ Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանագամանքներ դատարանը համարել է այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, իսկ  ծանրացնող հանգամանքներ առկա չեն եղել։

Դատարանը Սերոբին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը փոխվել է կալանքով։
Այս գործով պաշտպանի տարած վերաքննիչ բողոքը մերժվել է, բողոք է ներկայացվել վճռաբեկ ատյան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել