Հղի կնոջը հղիության շարժառիթով կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին այդ շարժառիթով աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը հանցագործություն է։ Այս արարքի համար պատժվում է տուգանքով՝ 200-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Սա ամրագարվում է Քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածով։
Ի դեպ, հանրային քննարկման է ներկայացվել Քրեական նոր օրենսգիրքը, որի 216-րդ հոդվածը նույնպես վերաբերում է այս հարցին և ավելի խիատ պատիժ է սահմանում՝ «պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Այս նախագծի վերաբերյալ առաջարկություններ է եղել արարքի սահմանումից հանել «անհիմն» բառը, քանի որ այն չեզոքացնում է արարքի շարժառիթի բացառիկությունը և կարելի է հետևություն անել, որ արարքը հիմնավոր լինելու դեպքում պատժելի չէ և թույլատրելի է։ Այս առաջարկն ընդունվել է։ Եվ ենթադրվում է, որ նոր օրենսգրքով նման արարքը բոլոր դեպքերում պատժելի կլինի։