Պետական եկամուտների կոմիտեում, մաքսակետերում տեղակայված առևտրային բանկերում ու սննդի անվտանգության պետական ծառայության ստորաբաժանումները տոնական օրերը կլինեն աշխատանքային: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստին ԿԲ նախագահին, ՊԵԿ նախագահին ու ՍԱՊԾ պետին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին:
Վարչապետը նշեց, որ նախորդ նիստի ընթացքում հանձնարարական էր տրվել պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել էր կենտրոնական բանկի նախագահին բոլոր մաքսակետերում և առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն:
«Հաշվի առնելով այդ ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների և հաճախականության կտրուկ ընդլայնումը դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները՝ առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաև սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ, միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը»,-ասաց վարչապետը:
Արթուր Ջավադյանը ասաց, որ բանկերի հետ կխոսեն, նախկինում նման պրակտիկա եղել է, եթե դրա կարիք լինի, անպայման կաշխատեն: Կարեն Կարապետյանի խոսքով՝ դրա կարիքը լինելու է այսօրվանից մինչև հունվարի 7-ը. «Նույնը ՊԵԿ-ում, ապահովում եք արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չզգա»: