Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։
Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 07-10-ին՝ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,-նշված է գրառման մեջ: