Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:
Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Սույն օրենսգրքի 40.3-րդ (Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը կամ հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաերյալ հայտարարագիր չներկայացնելը), 189.13-րդ (Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը), 189.14-րդ (Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը), 189.15-րդ (Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը) և 189.16-րդ (Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը) հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` երկու տարվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
Սույն օրենսգրքի 169.28-րդ (Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը) հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: