Դեռևս 2015թ. նոյեմբերին մի քանի լրատվամիջոցների կողմից հրապարակված հոդվածների վերաբերյալ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի արևմուտք գտնվող անտառներում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել են բազմաթիվ ծառեր:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի և Գյուլագարակի անտառպետությունների պահաբաժիններում իրականացրած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված հաճարենի ու բոխի տեսակի ծառերի կոճղեր:
2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի անտառհատումները կանխելու և ի հայտ բերելու ուղղությամբ, ժամանակին չի հայտնաբերվել և չի արձանագրվել 98 ծառերի ապօրինի հատման փաստը: Հիշյալ ապօրինի հատումների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 7.167.000 ՀՀ դրամի վնաս:
2016 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով պետությանը էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Քրեական այս գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառապահ Կ. Բ.-ն 2015 թվականի ընթացքում իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով պատշաճ կարգով չի վերահսկել պահաբաժնի տարածքը, որի պատճառով ինքնությունը չպարզված անձի /անձանց/ կողմից հիշյալ պահաբաժնից ապօրինի հատվել են ընդհանուր 45 ծառեր, որի արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է էական գույքային՝ ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամի վնաս:
Դրանից հետո Կ. Բ.-ն իր պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը կոծկելու և ծառերի ապօրինի հատման արդյունքում պետությանը պատճառված վնասը անձամբ չհատուցելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր 2 ծանոթներին՝ որպես իր կողմից հայտնաբերված անտառխախտողների ներկայացրել է «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ և հայտնել, թե իբր հայտնաբերել է անտառխախտներին: Կազմվել են կեղծ անտառխախտման արձանագրություններ, այդ կերպ կատարվել է պաշտոնեական կեղծիք և չարաշահվել պաշտոնեական լիազորությունները:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Կ. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Պարզվել է նաև, որ քաղաքացի Հ. Մ.-ն, Կ.Բ-ի խնդրանքով, նրան, որպես ծանոթի օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2015 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Բ.-ի հետ ներկայացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ և հաստատել Կ. Բ.-ի հայտնած այն տեղեկությունը, թե իբր Գյուլագարակի անտառպետության թիվ 1 պահաբաժնից բոխի և հաճարենի տեսակի թվով 7 ծառերը ինքն է ապօրինի հատել: Օժանդակելով Կ. Բ.-ի պաշտոնեական կեղծիք կատարելուն, նա ստորագրել է կեղծ անտառխախտման արձանագրությունը:
Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արաքը կատարելու համար:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության անտառապետ Հ. Խ.-ն և նույն անտառպետության 15-րդ պահաբաժնի անտառապահ Հ. Ք.-ն 2015 թ. ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրեց պարտականությունները պատշաճ չեն կատարել, պատշաճ հսկողություն չեն իրականացրել բոլոր տեսակի խախտումները ժամանակին հայտնաբերելու, արձանագրելու և սահմանված կարգով ընթացք տալու համար, պահաբաժնի ամբողջ տարածքում տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել՝ այն թողնելով առանց հսկողության: Արդյունքում մի խումբ անձինք, օգտվելով անտառում հսկողության բացակայությունից, հիշյալ պահաբաժնի տարբեր անտառամասերից ապօրինի հատել են ընդհանուր թվով 53 ծառեր՝ պետությանն անզգուշությամբ պատճառելով էական գույքային՝ ընդհանուր 5.247.000 ՀՀ դրամի վնաս:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ անտառապետին և անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, վերջինիս օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: