«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այժմ հասարակական կազմակերպությունները (ՀԿ) կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև իրենց աշխատանքներում կամավորներ ներգրավել՝ նրանց հետ կնքելով կամավորության վերաբերյալ պայմանագիր:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կազմակերպված նոր օրենքի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների համար դասընթացին այս և այլ նորամուծությունները ներկայացրեց ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը:
Դասընթացին մասնակցող 6 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Մ. Ատովմյանը մանրամասնեց նաև կանոնադրությունների փոփոխությունների առանձնահատկությունների մասին. «Հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի կանոնադրությունում կատարվող համապատասխան փոփոխությունները չհակասեն օրենքի դրույթներին՝ հետագայում խնդիրների չբախվելու համար: Հենց դրանք են, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում վերագրանցումներ կատարելիս որոշակի բարդություններ են առաջացնում»:
Կամավորների ներգրավման համար նոր օրենքի նախագծով որոշակի սահմանափակումներ, որոնցից մեկն էլ կազմակերպության աշխատակազմի մինչև 5 տոկոսի չափով պետք է կամավորներ ունենալ, ինչը խնդիր կարող է լինել փոքր կազմակերպությունների համար:
Հիշեցնենք, որ այս դասընթացը կազմակերպվել էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: