Ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ծավալի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի է հանրությանը: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. 10 ամիսների ընթացքում երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով հանրային պահանջարկը՝ կոմիտեն դիմում է նորամուծության՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ ավելի մեծացնելով իրազեկման չափաբաժինը: Այսուհետ Petekamutner.am պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակվելու է թարմացված ցանկ, որտեղ ներկայացվելու է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ:
Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման նկատմամբ աճող հետաքրքրությունը, և ավելի դյուրին կդարձնի ԱՏԳ մասնակցի համար գործունեությունը ծրագրելը:
Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Մաքսային վիճակագրություն», «Այլ վիճակագրական տվյալներ», «Հաշվետվություն ՀՀ ներմուծված որոշ ապրանքների վերաբերյալ»:
Պետական եկամուտների կոմիտեն փաստում է բիզնեսի և հասարակության հետ քննարկման, առաջարկների փոխանակման և երկխոսության կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով արձագանքել նոր նախաձեռնության վերաբերյալ տեսակետներին ու առաջարկներին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին