ԵՄ-ՀՀ համաձայնագիրը Հայաստանին տրված հաջողության բանալի է, բայց որքանով կկարողանանք այդ բանալիով կատարել լրջագույն, խորքային բարեփոխումներ, արդեն կախված է մեզանից: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ –ԵՄ ընդլայնված և համապարփակ գործակցության համաձայնագրին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ կարևորն այն է, թե ինչ է տալու այս համաձայնագիրը յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի:
«Այս լսումները միտված են սկսելու հանրային իրազեկման լայն արշավ, որովհետև հաջողություն կարող է ունենալ այն ծրագիրը, որի մաս են դառնում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ հանրությունն իր գաղափարներով: Սա մեզ համար ամենակարևոր մոտիվացիան է լինելու»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ցանկացած բարեփոխում ընդամենը գեղեցիկ փաթեթավորված, ընդամենը դարակում դրված թղթի վրա կմնա, եթե չլինի քաղաքական կամքը:
Իսկ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ առաջին հերթին՝ պետք է այս կարևոր փաստաթղթի մասին բնակչությանը հանրային իրազեկման գործընթաց սկսել, քանի որ քաղաքական հարթակում հանրային տեղեկացվածությունը չափազանց կարևոր նշանակություն ունի՝ նպաստելով հետագա համագործակցության զարգացմանը: Աշոտյանը նշեց, որ այս փաստաթղթի ստորագրումն ուղղված է այն բարեփոխումների արագ իրագործմանը, որոնք ծրագրել է Հայաստանի ղեկավարությունը: