Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան: Այդ մասին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Ժոնաթան Լաքոտի հանդիպման ժամանակ:

Տնտեսական զարգացման և ներդրումերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Կարայանը նշել է, որ հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական կապերը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու համար երկուստեք լուրջ աշխատանք է պետք տանել՝ օգտագործելով չիրացված ներուժը։

Ժոնաթան Լաքոտն իր հերթին համոզմունք է հայտնել, որ հայ ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն ունեն նախօրեին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։ Դեսպանն այս համատեքստում կարեւորել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան։

Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ Հայաստանում ներկայացված ֆրանսիական բիզնեսն ընդլայնվելու մտադրություն ունի։ Դեսպանը հավելել է, որ արդեն իսկ հասցրել է հանդիպել որոշ ներդրողների  հետ, եւ կարող է փաստել, որ ֆրանսիացիները ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական, եվրասիական եւ իրանական շուկաներ։

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ շուտով կբացվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչը կարող է ֆրանսիական բիզնեսի գործունեության համար նոր հնարավորություններ ստեղծել։ Նախարարը եւս համոզմունք է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարեւոր ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Նախարարի խոսքով՝ այն էլ ավելի մեծ վստահություն կներշնչի եվրոպացի եւ մասնավորապես ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով նաեւ այն բարեփոխումները, որոնք Հայաստանը իրականացրել եւ շարունակելու է իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագրի շրջանակներում եւս։

«Մենք պատրաստ ենք լինել Հայաստանում գործող ֆրանսիական բիզնեսի կողքին, աջակցել նրան եւ բոլոր ջանքերն ուղղել այնպիսի միջավայրի եւ պայմանների ապահովմանը, որոնք անհրաժեշտ են ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն իրականացնելու համար», – նշել է նախարար Կարայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել