ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դանակի գործադրման սպառնալիքով քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Թամանյան 10 հասցեում գործող «Գաֆեսչյան թանգարան» հիմնադրամի շենքի 5-րդ հարթակի աստիճանահարթակի մոտ հարձակում է գործել երկու քաղաքացիների վրա և դանակի գործադրման սպառնալիքով հափշտակել «Սամսունգ 5Ս մինի» մոդելի բջջային հեռախոս և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ բացահայտելու ուղղությամբ:
Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, 28 տարեկան։ Նոյեմբերի 23-ին կասկածյալը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: