«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. սեպտեմբերի 7-ին դիմում էր հղել ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ խնդրելով պարզել ՀՀ Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը՝ կապված ասմունքող Լիանա Զուրաբյանի անձնական տվյալները պարունակող աղմկահարույց տեսանյութի հրապարակման հետ, և իրականացնել օրենքով սահմանված վարչարարություն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այդօրինակ խախտումները կանխելու ուղղությամբ: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունից։
Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 5-ին Ոստիկանությունը Youtube կայքի «POLICE RA Vostikanutyun» ալիքում հրապարակել էր «Լիանա Զուրաբյան» վերնագրով տեսանյութ, որը ձեռք էր բերվել Ճանապարհային ոստիկանության տեսուչների համազգեստի վրա առկա անհատական տեսախցիկների միջոցով: Այսինքն, Ոստիկանությունը ձեռք բերելու, պահպանելու, օգտագործելու և տարածելու միջոցով մշակել էր Լիանա Զուրաբյանին և նրա դստերը վերաբերող անձնական տվյալներ:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» գրության առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն օրերս որոշում է կայացրել, որով արձանագրում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով տեսաձայնագրում իրականացնելը օրինական է, սակայն տեսաձայնագրությունները հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին:
Արդ, ոստիկանությունը այլևս չի կարող հրապարակել կամ այլ անձանց փոխանցել Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով նկարահանված տեսանյութերը: