2016 թ. մայիսի 29-ին ԼՂՀ զորամասերից մեկում հանկարծամահ եղած ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է: Վերջինիս իրավահաջորդի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
Սուրեն Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով պաշտոնեական անփութության մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
2015թ. մարտի 4-ին զորակոչիկ Սուրեն Մոսիյանի մոտ պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ հայտնաբերվել է «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը: Նշված ախտորոշումը վկայել է սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումների մասին, որի հիման վրա զորակոչային հանձնաժողովի սրտաբանը պարտավոր էր ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների:
Սակայն սրտաբան Սեդա Թադևոսյանը, անտեսելով դրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, համարելով, որ տրված եզրակացությունը բավարար է, Սուրեն Մոսիյանին ճանաչել է զինծառայությանը պիտանի, և 2015 թ. հուլիսի 25-ին վերջինս զորակոչվել է:
ՀՔԱՎ տեղեկատվական կենտրոն