2009 թ.-ից 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ համարվող Ս. Գ.-ին ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը վերադասության կարգով վերափորձաքննության արդյունքում 2017 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչել:
Մինչ այդ՝ 2017 թ. մարտի 27-ին, հերթական վերափորձաքննության ժամանակ Ս. Գ.-ն ճանաչվել էր անժամկետ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ:
Ս. Գ.-ի փոխանցմամբ՝ վերափորձաքննության նպատակով 2017 թ. մայիսի 4-ին նա հրավիրվել է Գործակալություն, որտեղ իմանալով, որ վերջինս աշխատում է, պահանջել են տեղեկանք նրա աշխատավայրից: Տեղեկանքը Գործակալություն ներկայացնելուց օրեր անց որոշում են կայացրել հաշմանդամություն չսահմանելու մասին:
Ընդ որում՝ որևէ այլ հետազոտության Ս. Գ.-ին Գործակալությունից չեն ուղեգրել, բավարարվել են միայն զարկերակային ճնշումը չափելով, որը չէր կարող հիմք հանդիսանալ նման որոշում կայացնելու համար: Այդ դեպքում որոշում կայացնելու համար պետք է հիմք ծառայեին բժշկասոցիալական փորձաքննության գործում առկա փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ս. Գ.-ն նախկինում հաշմանդամության երրորդ կարգ է ստացել, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու որևէ հիմք Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը չի ունեցել: