Մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել նաև «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀԿ նախագահը կազմել է կեղծ փաստաթղթեր՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ, դրանք ներկայացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ, որոնց հիման վրա՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարի օժանդակությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար։

Նախնական տվյալներով՝ ՀԿ-ին երկու ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 300 հազար եվրոյին համարժեք դրամ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2017թ. նոյեմբերի 3-ին բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել