Կազմվում են շենքերի գովազդային անձնագրերը

Դեռևս օգոստոսին Երևանի քաղաքապետարանը համապատասխան ընթացակարգով վարչական վարույթներ էր իրականացրել, որոնց նպատակը պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին առկա տարատեսակ գովազդների կանոնակարգումն էր:

Ըստ այդմ, կազմվել էին գովազդային անձնագրեր, որոնցում մանրամասնորեն նշված էր, թե ինչ տեսք պետք է ունենան գովազդները, որպեսզի չխաթարեն այդ շենքերի ճարտարապետական կերպը: Ներկայումս արդեն ավարտվել են 60 պատմամշակութային շենքերի գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները: Ընդ որում, այդ շենքերի գերակշիռ մասը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոցն ընկած հատվածում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հատկանշական է, որ տնտեսվարողները հիմնականում սեփական ուժերով են ապամոնտաժել գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակները, իսկ նրանցից շատերը ներկայացրել են գովազդային անձնագրերին համապատասխան նոր ցուցանակները` համապատասխան կարգով տեղադրման նոր թույլտվություն ստանալու համար: Այժմ արդեն պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերից հետո գովազդային անձնագրեր են կազմվում նաև մյուս բոլոր շենքերի համար: Հետևաբար, նոր գործունեություն ծավալող տնտեսվարողները շինություններ ձեռք բերելիս կամ վարձակալելիս տեղեկացված կլինեն, թե ինչպիսին պետք է լինի տվյալ շենքի վրա տեղադրվող գովազդը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել