Սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը կազատվի պարտադիր զինծառայությունից

Այսօր կառավարության նիստին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրել է կառավարության որոշման նոր նախագիծ, որի համաձայն 1991 թ. մայիսի 13-ին ծնված  Հայրապետ Առաքելյանը կա­զա­տվի պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յունից:

Այս որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային և հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր, երիտասարդ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը հայ փողային գործիքների կատարողական դպրոցի տաղանդավոր ներկայացուցիչներից է։

Հայրապետ Առաքելյանը ծնվել է 1991 թ. մայիսի 13-ին, բնակվում է Երևանում (Տպագրիչների փ. 8, բն. 22):

1999-2008 թթ. սովորել է Երևանի Ալ. Սպեն­դի­արյանի անվան երաժշտական դպրոցում: 2005 թ. կատարելագործվել է Գերմանիայում` աշխարհահռչակ սաքսո­ֆո­նա­հար, պրոֆեսոր Դանիել Գոթիեի դասարանում: 2008 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոն­սեր­վա­տո­րիա` պրոֆեսոր Ալեքսանդր Մա­նուկ­յա­նի դասարան: 2009 թ. ընդունվել է Գերմանիայի Քյոլն քաղաքի բարձրագույն երա­ժըշտա­կան դպրոց:

Հ. Առաքելյանը միջազգային տարբեր մրցույթներում նվաճել է մրցանակային բարձր տեղեր` մասնավորապես «Salieri-Zinietti» կամերային երաժշտության միջազգային մրցույթ` 1-ին մրցանակ (Իտալիա, 2011 թ.), «Oldenburger Promenade» միջազգային մրցույթ` 2-րդ մրցանակ (Գերմանիա, 2011 թ.), Գեր­մա­նիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության 2009 թ. երաժշտական մրցանակ, «Jugend Musuziert» մրցույթ` 1-ին մրցանակ (Գերմանիա, 2009 թ.), Ադրիատիկայի
9-րդ երաժշտական մրցույթ` 2-րդ մրցանակ (Իտալիա, 2007 թ.), «Յամահա» սաքսոֆոնահարների մրցույթ (Երևան, 2005 թ.), Սաքսոֆոնահարների միջազգային մրցույթ` 1-ին մրցանակ (Քարքֆյու, Ֆրանսիա, 2004 թ.),  «Դելփյան խա­ղեր» միջ­ազ­գային երիտասարդական մրցույթ-փառա­տոն` 2-րդ մրցանակ (Մոլդովա, 2004 թ.):

Հայրապետ Առաքելյանը տարբեր տարիների եղել է Վլ. Սպիվակովի միջազ­գային բարեգործական (2001 թ.), Նաում Գուզիկի դափնեկիրների (2005 թ.,      2008 թ.), «Արամ Խաչատրյան» (2002 թ.), «Deutsche Stiftung Nusikleben», «Dr.Carl Dor­ken», «Soliti» հիմնադրամների, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի կրթա­թո­շա­կառու:

Հ. Առաքելյանը պարբերաբար ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական կամերային, Հայաստանի պետական երիտասարդական, «Արմենակոբ» սիմֆոնիկ, «Սերենադ» կամերային նվագախմբե­րի հետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական ակադեմիական կամե­րային, Կալինինգրադի պետական կամերային, Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» սիմ­ֆո­նիկ, Պոզնանի  ֆիլհարմոնիկ, Սինգապուրի երիտասարդական, Ջուլիարդի դպրոցի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

Հ. Առաքելյանը ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Լեհաստանում, Իտալիայում, Հունաստանում, Վրաստանում, Սիրիայում, Լիբանանում և արժանացել մասնագետների ու հանդի­սա­­տեսի բարձր գնահատանքին, մամուլով և հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա գործունեությունը:

Հ. Առաքելյանը մշտապես ելույթներ է ունեցել թե´ Հայաստանում, թե´ միջազ­գա­յին տարբեր բեմահարթակներում` նպաստելով հայ երաժիշտների միջազգային ճանաչմանը (նվագել է Նյու Յորքի «Կարնեգի Հոլլ», Բեռլինի Ֆիլհարմոնիայի, Ցյուրիխի «Տոնհալլե» սրահներում` հանդես գալով աշխարհահռչակ դիրիժորների ու նվագախմբերի հետ):

2014-15, 2015-16 համերգաշրջանների ընթացքում երիտասարդ երաժիշտը հանդես է եկել Բոս­տոնի սիմֆոնիկ (ԱՄՆ), Ցյուրիխի «Տոնհալլե» (Շվեյցարիա) համերգա­սրահ­ներում: Նրան բազմիցս հրավիրել են վարպետության դաս­­ընթացներ վարելու հեղինակավոր միջազգային փառատոների ընթացքում` Մալթա, Իտալիա, Ֆինլանդիա, Լատվիա: Նա հրավիրվել է նաև Մալթա` որպես Սաքսոֆոնահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ:

Վերջին տարիներին Հ. Առաքելյանը հիմնադրել է «Ֆրատրես» տրիոն, որի կազմում հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ, ջութակահար Ֆեոդոր Ռուդինը և դաշնակահար Ռուդոլֆ Վանկսը։ 2015-ին տրիոն դարձել է Փարիզի միջազգային մրցույթի դափնեկիր, ստացել է հատուկ մրցանակ «SAX-VISIT» նախագծի համար։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգներով
Հ. Առա­քելյանը ելույթներ է ունեցել Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։

2016 թվականի հոկտեմբերի 6-ին հանդես է եկել Արամ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի բացման ժամանակ:

Հ. Առաքելյանի բացառիկ տաղանդի մասին է վկայում այն փաստը, որ նրա համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման միջնորդություններ են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցա­նակ­նե­րի դափնեկիր Է. Թադևոսյանը, ՀՀ  վաստակավոր արտիստ Ս. Սմբատյանը,  ինչպես նաև այլ գործիչներ:

            2017-2018 թթ. նախատեսվում է Հ. Առաքելյանի ելույթները մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթներում, փառատոներում ու համերգային շրջագայություններում` մասնավորապես Գերմանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Բահամյան կղզիների ընկերակցու­թյու­նում, Ավստրալիայում և այլ երկրներում: Նախատեսվում են նաև ելույթներ Հայաս­տա­նում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 607-Ա որոշման համաձայն (վերջին փոփոխությունը` Հայաստանի Հանրա­պե­տու­թ­յան կառավարության  2017 թվականի  ապրիլի 13-ի N 369-Ա որոշում)` Հ. Առա­քել­յանին տրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրա­վունք մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը:

Հ. Առաքելյանը 2018 թվականի մայիսի 13-ին կդառնա 27 տարեկան:

Հայրապետ Առաքելյանին զինվորական ծառայությունից ազատելը հնարավորություն կտա շարունակել ծավալած մշակութային գործու­նեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտու­թյունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երաժշտությունը Հայաստանում և արտերկրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել