Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 անձի սպանության, սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող` 50-ամյա Թելման Քալաշյանը դեպքի պահին եղել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա պաշտպանը՝ Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ իր պաշտպանյալը շարունակում է պնդել, որ դիտավորությամբ ոչինչ չի արել:
Քալաշյանը տարիներ շարունակ գումարային պարտք ու պահանջի խնդիր է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրների հետ:
Պաշտպանի խոսքով՝ 4-5 տարի առաջ Քալաշյանը 100.000 դոլար գումար է պարտքով տվել ռուսաստանաբնակ Խուդոյաններին, որով նրանք պետք է ավարտին հասցնեին ՌԴ-ում կառուցվող հյուրանոցի շինարարությունը:
Խուդոյաններն այս տարիների ընթացքում պարտքով տված գումարից ընդամենը 25.000 դոլարն են վերադարձրել, իսկ մնացածը հրաժարվել են տալ: Քալաշյանի դուստրը հաշմանդամություն ունի և բուժվում է Գերմանիայում: Թելման Քալաշյանը պարբերաբար դիմել է եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին՝ ակնկալելով իր գումարը ստանալու հարցում նրանց միջամտությունը, որպեսզի կարողանա հոգալ իր երեխայի բուժման ծախսերը, սակայն ոչինչ չի ստացել:
Հիշեցնենք, որ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանությունը), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը) և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ):
Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։